Հիմա այն սեզոնն է, երբ միրգ-բանջարեղենով բեռնված խանութներում ու դարակներում դդումն է աչքի զարնում: Ի՞նչ գիտենք դդմի մասին Դդումն այն պտուղն է, որը հարուստ է ներքին օրգանների նորմալ կենսագործունեությանն անհրաժեշտ բոլոր վիտամիններով ու միկրոտարրերով: Միամյա այս բույսը Հարավային Ամերիկայում սկսել են մշակել դեռևս մ.թ.ա., որտեղից Եվրոպա են տարել իսպանացիները՝ XVI դարում: Այսօր դդմի մշակմամբ զբաղվում է յուրաքանչյուր ցանկացող: Իսկ ինչո՞ւ: Որովհետև այն սննդարար է ու օրգանիզմի համար շատ օգտակար և մշակության իմաստով էլ ամենևին պահանջկոտ չէ: Դդմի օգտակարության մասին շատ կարելի է խոսել, քանի որ վիտամիններով ու հանքանյութերով հարուստ լիարժեք ամբողջություն է: Դրա հիմնական օգտակար հատկությունները հետևյալն են. - բարելավում է տեսողությունը, քանի որ պարունակում է կարոտին՝ А վիտամին: Իհարկե, ոչ այնքան, որքան գազարում, այդուհանդերձ, այդ քանակն էլ բարերար է ազդում աչքերի առողջության վրա, պաշտպանում աչքի հիվանդություններից: - Օգտակար է մարսողության համար, ու դա մեկ անգամ չէ, որ ապացուցվել է: Սննդաբանները խորհուրդ են տալիս սննդաբաժնում ներառել այդ բանջարեղենը գիրացման դեմ ու քաշ գցելու համար: Սննդարար պտղամիսը հեշտ յուրացվում է օրգանիզմում: Մասնագետներն առաջարկում են մսային կուշտ ճաշից հետո մի երկու կտոր դդում ուտել, ինչը կօգնի ստամոքսին մարսել ծանր սնունդը:Դդմի մեջ մեծ քանակությամբ բջջանք է պարունակվում, ինչը նույնպես անհրաժեշտ է նրանց, ովքեր գիրության խնդիր ունեն: - Դդումն օգտակար է արյան բարձր ճնշում ունեցողներին: Հակաօքսիդանտ հատկության շնորհիվ դդումը դուրս է բերում խարամն ու թույները, պեկտինների շնորհիվ՝ խոլեստերինի ավելցուկը: Իսկ դդմի պտղամսի կամ հյութի կանոնավոր գործածումը կօգնի իջեցնելու և որոշ ժամանակ անց նաև կանոնավորելու արյան բարձր ճնշումը: Այն ամրացնում է անոթների պատերը, կարգավորում ջուր-աղ հավասարակշռությունը, ճնշում տուբերկուլյոզի ցուպիկների աճը: Բժիշկները խորհուրդ են տալիս այս բանջարեղենը գործածել պիելոնեֆրիտից պաշտպանվելու նպատակով: Դդումը չեմպիոն է երկաթի ու Т վիտամինի պարունակությամբ, բարելավում է նյութափոխանակությունն ու նպաստում արյան մակարդելիությանը: Էլ ի՞նչ օգտակար հատկություններով է օժտված Դդումը լավ միզամուղ ազդեցություն ունի. մեծ քանակությամբ ջուր է պարունակում (մինչև 90%) ու կալիումական աղեր, ինչն էլ իր հերթին օգնում է երիկամներում ու միզափամփուշտում գոյացած քարերի աստիճանաբար լուծմանը: Միզափամփուշտի բորբոքման, երիկամային անբավարարության, թութքի դեպքում պետք է դդումն օգտագործել հում վիճակում: Ի դեպ, այս բանջարեղենն օգնում է անքնության դեպքում, բարձրացնում է տրամադրությունը: Դրանից է, որ դդում սիրողներն անհամեմատ առույգ են, աշխույժ: Դդումն իր հատկությունների շնորհիվ ամրապնդում է նյարդային համակարգը, պաշտպանում իմունիտետը: C վիտամինի շնորհիվ օգնում է օրգանիզմին դիմակայելու վարակիչ հիվանդություններին մի ամբողջ տարի: Այս ամենից բացի, մյուս բանջարեղենների համեմատ, դդմի պահպանման ժամկետը երկար է, ինչի շնորհիվ այն անփոխարինելի մթերք է թե՛ ձմռանը և թե՛ գարնանը: Հակաբորբոքային հատկությունների մասին Դդումն օգնում է աղիքային տրակտի բորբոքային երևույթների դեպքում, այրոցքի: Վերքերի, պզուկների, ցաների, էկզեմայի դեպքում դդմախյուսը մեղմում է ցավը, նպաստում դրանց արագ սպիացմանը: Դդմի օգուտն ուռուցքների դեպքում. ներկայում գիտնականներն այս հարցով իրենց վերջնական խոսքը դեռևս չեն ասել, չնայած նկատվել է, որ հաճախ դդում գործածողները հազվադեպ են կոկորդի քաղցկեղով ու տուբերկուլյոզով հիվանդանում: Եթե ցանկանում եք անգամ տարեց հասակում երիտասարդական ավյունով զարմացնել, ապա դդումը ձեզ համար է, քանի որ օգնում է հյուսվածքների վերականգնմանն ու թարմացմանը, ամրանում են ոսկրերը, բարձրանում է արդյունավետությունը, բարելավվում քունը: Դդումը կոսմետոլոգիայում Դդմից պատրաստվում են քսուքներ, օճառ ու շամպուն, դիմակներ, որոնք հայտնի են որպես երիտասարդացնող միջոցներ: Ցածրկալորիական այս մթերքը (ընդամենը 22 կկալ) քաշի ավելացմանը չի նպաստում և օգնում է մաքրելու օրգանիզմը ավելորդություններից: Դդմի հյութի օգտակարությունը Դդումը 90% ջուր է բաղադրում, սակայն դա պարզապես ջուր չէ, այլ օրգանիզմին օգտակար սննդարար հեղուկ: Դդմահյութի բաղադրության մեջ պեկտին կա. դա արժեքավոր նյութ է, որ օգնում է նյութափոխանակությանը, նվազեցնում վնասակար խոլեստերինի մակարդակն արյան մեջ, բարելավում արյան շրջանառությունն ու անգամ ռադիոակտիվ տարրերից ու թույներից մաքրելու հատկություն ունի: Բանջարեղենների շարքում A վիտամինի պարունակությամբ դդումը երկրորդն է գազարից հետո: Դրա գործածումը բարելավում է աչքերի վիճակը, բացի այդ հրաշալի կանխարգելիչ միջոց է տեսողական օրգանների հիվանդությունների դեմ: Դդմահյութը՝ կանխարգելիչ միջոց - սիրտ-անոթային հիվանդություններ, - լեղաքարային հիվանդություններ, - մրսածություն, - գիրություն, - անքնություն ևն: Դդումը կարող է նվազեցնել ստամոքսի թթվայնությունը: Դդումը համարվում է պեպենների դեմ գերազանց միջոց: Օրական գործածվող դդմի հյութի նորմը 500 գ է. նշենք, որ խոսքը թարմ հյութի մասին է: Խանութից գնվածն ամենևին այն չէ, ինչի մասին խոսվեց, Էլ ուր մնաց երեխաներին տալ այն: Շշալցված հյութերը հիմնականում համի, հոտ խթանիչներ և գունանյութ են պարունակում: Դդմի սերմերի օգտակարությունը Դդմի սերմերը ևս շատ վիտամիններ, հանքանյութեր ու միկրոտարրեր են պարունակում, հարուստ են ցինկով, մագնեզիումով ու օգտակար թթուներով: Մեծ քանակությամբ E վիտամին են բաղադրում, ինչը դանդաղեցնում է մաշկի ծերացումը, խթանում սեռական հորմոնների ֆունկցիան: Իսկ որ դդմի սերմերն օգնում են ճիճվային հիվանդությունների դեպքում, շատերը լսած կլինեն: Այո, դա իրականություն է: Բացի այդ, դրանք հրաշալի միջոց են լյարդի, երիկամների ու շագանակագեղձի հիվանդությունների կանխարգելման համար: Դդմի սերմերից ձեթ են քամում, որն օգնում է փորլուծի ժամանակ: Սակայն չպետք մոռանալ, որ դդմի սերմերը շատ ավելի կալորիական են (25 անգամ. 100 գ՝ 556 կկալ) , քան պտղամիսը: Խորոված ու խաշած դդմի օգուտը Ցավոք, ջերմամշակման հետևանքով շատ վիտամիններ ու միկրոտարրեր են ցնդում, այդուհանդերձ մշակված բանջարեղենը ևս բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Հատկապես օգտակար է ջերմամշակված բանջարեղենը տարեց մարդկանց համար, քանի որ եփից հետո փափկում է: Նման դդումը հարմար է թուլացած ատամներին, հետևաբար նաև՝ ստամոքսին: Դդմի ձեթի օգուտը Բարձր սննդարար արժեքով մթերք է, որը պատրաստվում է պտղամսից ու սերմերից: Այն մեծ քանակությամբ A, E, B խմբի և հազվադեպ համարվող T և K վիտամիններ է պարունակում: Դդումը՝ տղամարդկանց համար Տղամարդիկ պետք է հատկապես ուշադրություն դարձնեն սերմերին, քանի որ հատկապես դրանք են հարուստ ցինկով: Ցինկը մասնակցում է տեստոստերոնի մշակմանը: Դդմասերմերի կանոնավոր գործածումը կպաշտպանի պրոստատիտից, շագանակագեղձի ադենոմայից: Օգտակար է նաև հյութը, որը կօգնի ֆիզիկական ծանր օրվա վերջում վերականգնելու ուժերը: Վաղուց ապացուցված է, որ դդումն օգնում է պոտենցիային ու բնական աֆրոդիզիակների լավագույն տասնյակում պատվավոր տեղ է զբաղեցնում: Դդում չարժե օգտագործել, եթե կա՝ - ցածրթթվայնությամբ գաստրիտ, - թթվա-հիմնային հավասարակշռության խախտում, - աղիքներում՝ ծակծկոց: Հում դդում չպետք է օգտագործել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեպքում: Դդմասերմում առկա տարբեր թթուները բացասաբար են ազդում ատամնաէմալի վրա, ուստի օգտագործումից հետո անպատճառ պետք է բերանը ողողել ջրով: Ու ինքնին հասկանալի է, որ թե՛ պտղամիսը, թե ՛սերմերը և թե՛ հյութը պետք է չափավոր գործածել; Դեռ չկա մի բան, որի շատն օգնի ինչ-որ մի բանի: Իսկ թե ինչպես պետք է առողջ բանջարեղեն ընտրել, կարելի է՝ առաջնորդվելով հայտնի խորհուրդներով: - Մի փորձեք մեծ բանջարեղեն ընտրել. մեծությունն ամենևին էլ լավ որակի երաշխիք չէ. ավելի լավ է ընտրել 4-5 կգ միջին չափսի դդում: Գնելիս ուշադրություն դարձրեք կեղևին, այն պետք է հարթ, առանց կապտուկների, ճեղքերի ու այլ կարգի վնասվածքների լինի: - Հասուն դդմի պտղակոթունը չոր է լինում կամ մուգ գույնի: Եթե ցանկանում եք խաշել կամ խորովել դդումը, ապա կեղևից մաքրել պարտադիր չէ, քանի որ ջերմամշակումից հետո այն բավականաչափ փափկում է: Հիշենք՝ թե՛ պտղամիսը և թե՛ կեղևը սննդարար նյութեր են պարունակում: Իսկ դդումը պահպանելու համար հարմար են զով ու լուսանթափանց տեղերը, ասենք՝ նկուղը: Հատուկ ձմեռային սորտերը կարելի է ավելի երկար պահել անգամ բնակարանային պայմաններում. պարզապես պետք է դրանք լույսից պաշտպանել՝ ծածկելով լաթով: Պահելու համար պտղակոթունով բանջարեղեն ընտրեք, որը պետք է վերևում գտնվի պահպանման ժամանակ: Բացի այդ, խորհուրդ է տրվում դդումներն առանձին պահել, այսինքն՝ դրանք իրար չպիտի դիպչեն: Դդմի ավելի քան 50 տեսակ է հաշվվում: Շատերն այն հատապտուղ են համարում, չնայած դդումը վարունգի ընտանիքի բանջարեղեն է: Ամենամեծ դդումը 1999-ին աճեցրել է ֆերմեր Ջերրի Չեկտոնը: Նրա ռեկորդը կշռում էր 513 կգ: Այն աճեցվել է Փենսիլվանիայում: Վերջում Դդումը տնային դեղատուն է համարվում, քանի որ պարունակում է այն ամենը, ինչ հարկավոր է մարդուն: Օգտագործվում է տարատեսակ ուտեստներում, դրանից հյութ են պատրաստում ու «չրթում»: Դդումն աճում է աշխարհի բոլոր անկյուններում, բացի Անտարկտիդայից: Դդումը բանջարեղենների մեջ երկաթի պարունակությամբ չեմպիոն է ու դրա շնորհիվ այն վստահ կարելի է գործածել սակավարյունության ժամանակ:
Նյութեր պարտադիր է:
Նյութեր պարտադիր է:
Комментарии
Отправить комментарий