ինչպես պատրաստել տնական մածուն
Մածուն պատրաստելու համար եռացնում ենք մեկ լիտր կաթը, անջատում ենք կրակը և թողնում սառչի մինչև 40-42 աստիճան: Ջերմաստիճանները ես սովորեցի ձեռքով տարբերակել երեխայիս լոգանքի համար ջուր պատրաստելիս: Այս ջերմաստիճանը մարդու մարմնի ջերմությունից մի քիչ տաք է: Եթե այնուամենայնիվ դժվարանում եք կողմնորոշվել, օգտագործեք խոհանոցային ջերմաչափեր կամ հենց երեխայի լոգանքի ջերմաչափը: Իսկ ժողովրդական լեզվով ասում են, կաթը մի քիչ կծում է: Սառելուց հետո ավելացնում ենք մերանը` մեկ գդալ մածուն կամ չոր մերան, հետո խառնում ենք և բերանը փակում: Պետք է ապահովել 40-42 աստիճան ջերմություն 6-8 ժամ, որպեսզի մածունը վերջնական տեսքի գա: Ամենահին և ավանդական եղանակը ստեղծել ջերմային բաղնիք` սրբիչով փաթափել և թողնել: Սա հարմար է շոգ եղանակին, իսկ ձմռանը կարող եք օգտագործել “Յոգուրտնիցաներ”: Իսկ եթե տունը չեք ուզում ծանրաբեռնել նոր տեխնիկայով, ապա կարող եք դնել ջեռոց:
Ժողովրդի մեջ ընդունված է, որ մածուն պատրաստելիս չպետք է խոսել և մերանը լցնելուց հետո չպետք է այն տեղաշարժել: Ես ինքս առանձնապես տարբերություն չեմ զգացել:
Комментарии
Отправить комментарий